Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն մատուցող բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

Աննա Կոստանյան 6.11.2023 - 11:34
6.11.2023 - 11:34 դիտում

2024 թվականին մեծ հավելում է նախատեսվում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների համար: Ունենք ավելացում 3,1 միլիարդ դրամի՝ 11,1 տոկոսի աճ: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի հատկացումների մասին քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս հավելյալ միջոցներն ուղղվելու են ոչ միայն մեր բուժաշխատողների աշխատավարձերի հաջորդիվ բարձրացմանը, այլև որոշակի առումով փոխվելու է ծառայությունների շրջանակը:

Ավելանալու են մեր առաջնային օղակի բարեփոխումների մեջ ներառված առաջին էտապի համար հետազոտությունների քանակները, դրանց ծավալները»,- ասաց նախարարը:

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ կավարտվի նաև Դսեղի ամբուլատորիայի կառուցումը, որը մոդելային նոր տիպի ամբուլատորիա է: Առաջիկայում կավարտվեն նաև վերազինման և փաստաթղթային փոխանցման աշխատանքները: Ըստ նախարարի՝ այն կառուցվել է COAF հիմնադրամի հետ համատեղ:

«Դսեղի ամբուլատորիայում մենք իրականացնում ենք, արդեն իսկ ունենք գծված մոդելային նոր աշխատանքի ձև: Այս պիլոտը 6 ամիս փորձարկելուց հետո արդեն կտարածենք ապահովագրության շրջանակներում նաև մեր մյուս ամբուլատորիաների և պոլիկլինիկաների վրա»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ