Աղետը կանխել է պետք. Լաչինի միջանցքի հարցով քննարկում Եվրախորհրդարանում

Աննա Կոստանյան 19.01.2023 - 10:06
19.01.2023 - 10:06 դիտում

Իրեն ԵՄ գործընկեր համարող պետությանը նման հայտարարությունները պատշաճ չեն՝ Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին հայտարարություններին` ասաց Եվրապատգամավոր Մարինա Կալյուրանդը:

Նա Բաքվին կոչ արեց հարգել միջազգային պարտավորությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սկսել բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ:

Իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցի պաշտոնյաներին նա ասաց. «Ինձ չեք ահաբեկի և չեք լռեցնի, ձեր հարձակումները ձեր թուլությունն են բացահայտում»:

Նատալի Լուազոյի կարծիքով` սա անգամ շրջափակում չէ, ավելին է, քան շրջափակումը, շանտաժից ավելի է, էթնիկ զտում է:

«Իսկ մենք` եվրոպացիներս, ի՞նչ ենք անում. ոչինչ, ավելին, քան ոչինչ»,- նշեց նա:

Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելի խոսքով` բռնությունը ծնում է ավելի շատ բռնություն:

«Ինչո՞ւ պետք է Կովկասը թշնամանքի տարածք լինի, եթե կարող է բարեկեցության տարածք լինել: ԵՄ-ն կարող է և պետք է կայուն խաղաղություն բերի երկու երկրին, քանի որ մեր շահն է տեսնել խաղաղ և բարեկեցիկ Կովկաս»,- ասաց նա:

Բերտ-Յան Ռայսենը նկատեց՝ իրավիճակը ԼՂ-ում գնալով վատանում է, նշեց` պետք է ավելի շատ դիտորդներ ուղարկել տարածաշրջան, ավելի շատ ճնշում գործադրել Բաքվի կառավարության նկատմամբ, խաղաղության բանակցություններ պետք է լինեն, հստակ երաշխիքներ լինեն ԼՂ բնակչության համար:

Նրա գնահատմամբ` ո՛չ Կովկասը, ո՛չ ԵՄ-ն չեն շահի նոր լարվածությունից:

«ԼՂ-ում մարդիկ սոված են և ցրտի մեջ, նրանց օդային կամուրջ է պետք ԵՄ կամ ՌԴ կողմից: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ հետ պետք է կանխել այս աղետը»,- հայտարարեց Մարտինա Միխելսը:

Կլեմեն Գրոշելն առաջարկ հնչեցրեց ռուս խաղաղապահներին փոխարինել ՄԱԿ-ի խաղաղապահներով:

«Եթե լինում է բնական աղետ` հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, լինում է արձագանք, բայց մենք տեսնում ենք` ինչպիսի խոշտանգման են ենթարկվում հարյուր հազարավոր մարդիկ. հայերը ԼՂ-ում երեք տարբերակ ունեն` հրաժարվել իրենց ինքնությունից, հեռանալ կամ այն նույն ճակատագրին արժանանալ, ինչ 1915-ին Թուրքիայում եղավ հայերի նկատմամբ: Օդային կամուրջը նվազագույնն է, որ մենք պիտի անենք ու պիտի անենք մինչև շաբաթվա ավարտը»,- հայտարարեց Էմանուիլ Ֆրագկոսը:

Ֆաբիո Մասիմո Կաստալդոն կարևորեց մոնիթորինգի ծառայության տեղակայումը նաև Լաչինի միջանցքում:

«Օդային կամրջով պետք է մարդասիրական առաքումների հասանելիություն ապահովենք, եթե Բաքուն դա չապահովի, պետք է պատրաստ լինենք կտրուկ համարժեք պատժամիջոցներ ընդունել ոճրագործության մեղավորների նկատմամբ»,- ասաց նա` ընդգծելով, որ սննդի հասանելիության խոչընդոտումը պատերազմական հանցագործություն է:

Հանձնակատար Ադինա Իոանա Վելանը կոչ արեց վերադառնալ բանակցություններին, դադարեցնել քաղաքացիական բնակչության նկատմամբ ճնշումը:

«ԵՄ-ն պատրաստ է օգնել բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է վստահության ամրապնդումը և մտահոգությունները երկխոսությամբ հաղթահարելը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ