ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Քանի որ պարբերաբար հարցեր են առաջանում Արցախի արտաքին քաղաքական մոտեցումների մասին, հիշեցնեմ, որ ըստ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանրապետության նախագահը «ղեկավարում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»: Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ. դեկտեմբերի 16-ի իր ուղերձում հստակորեն ներկայացրել է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները, որոնցից էլ պետք է բխեն պետական բոլոր մարմինների արտաքին քաղաքական գործողությունները. տվյալ հատվածի մեջբերումը՝ ստորև.
• Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը:
Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:
Քանի որ պարբերաբար հարցեր են առաջանում Արցախի արտաքին քաղաքական մոտեցումների մասին, հիշեցնեմ, որ ըստ ԱՀ Սահմանադրության…
Опубликовано Artak Beglaryan Среда, 17 марта 2021 г.