ԱՀ նախագահը ստորագրել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը. այն կկանոնակարգի ԱՀ-ի պաշտպանությանը աշխարհազորի մասնակցությունը

Աննա Կոստանյան 13.10.2020 - 13:56
13.10.2020 - 13:56 դիտում

Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը:

Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան»,-գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ