Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. ԱԺ հայտարարություն

3.07.2025 - 17:38 դիտում

Ազգային ժողովում հուլիսի 3-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության, սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ հայտարարում է.

Խստորեն դատապարտում ենք ՀՀ ինքնիշխանության, Սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրսատված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին:

Ահաբեկչության և սահմանդրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների:

Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են ՀՀ ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար»,- ասաց նա:

Կոնջորյանը ընդգծեց՝ անընդունելի է նաև ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներգրավելու փորձերը:

«Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը:

Խիստ մտահոգիչ և դատապարտելի են ՀՀ նախկին ղեկավարների և նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունն արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ ներքաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը:

ՀՀ ԱԺ-ն՝ որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետության իշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների ամրապնդմանը»,- հայտարարեց Կոնջորյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդիմության՝ արտահերթ նիստին չմասնակցելու որոշմանը՝ Կոնջորյանը հայտարարեց, որ այս կերպ պարզ դարձավ, որ նրանք և նրանց ղեկավարությունը աջակցում են ահաբեկչության միջոցով իշխանության զավթման փորձը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտահերթ նիստի աշխատանքներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ