Եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակ է, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչու է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չէ՝ Վահագն Ալեքսանյանն ասաց.
«Բացատրեմ՝ ինչ է նշանակում առաջնահերթություն. առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ գնում ես օտարերկրյա պետության ներկայացուցչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է, այսինքն՝ գնում ես, ասում ես՝ ճանաչեք ցեղասպանությունը: Հիմա մենք գնում ենք, Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպում ենք, մեր առաջնահերությունը հետևյալն է. հիմա մեզ ի՞նչ զենք կծախեք, հարգելի ֆրանսիացի գործընկերներ, հետո երբ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, մենք ասում ենք՝ ի՞նչ զենք կծախեք»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ցեղապանության վերաբերյալ հայտարարություններին, ապա Վահագն Ալեքսանյանը նշեց հետևյալը. «Դուք չեք ուզում հասկանալ՝ ինչպես է տեղի ունեցել: Պատմությունն ամբողջությամբ դրա պատասխանը չի տվել: Իմ ընկալմամբ, պետք է հասկանալ՝ երիտթուրքերը ոնց եկան իշխանության, Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ: Դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի է ասել, կոալիցիոն գործընկերը»:
Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստվում է քաոսային իրավիճակ ստեղծել տեղեկատվական դաշտում, այսօրվա դեպքերը կարո՞ղ ենք դրա նախերգանքը համարել: Լրագրողի այդ հարցին ի պատասխան՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ենթադրաբար, շատ միանշանակ է: Երեկ այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստվում: Այսօր սինխրոնացված կերպով ԱԺ-ում լարեցին ու սրեցին իրավիճակը. նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում, ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկում»:
Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ:
Հիշեցնենք՝ խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև:
Դահլիճում իրավիճակը թեժացավ, պատգամավորները միջամտեցին՝ փորձելով իրավիճակը լիցքաթափել, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
Նշենք՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքեց լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ այդ ամենն արվում է նրա համար, որ վաղվա միջոցառամանն (Ջահերով երթ – խմբ.) ավելի շատ մարդ մասնակցի, բացի դրանից՝ հիշեցրեց՝ ցեղասպանության հերքումը արդեն իսկ քրեականացված է ՀՀ քրեական օրենսգրքով (հոդված 136 – խմբ.):