ԱԺ պատգամավորների ելույթները զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելուն վերաբերող նախագծի քննարկման ժամանակ

Աննա Կոստանյան 4.05.2021 - 16:38
4.05.2021 - 16:38 դիտում

Մայիսի 4-ին Ազգային ժողովը քննարկեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ պատգամավորները:

Շիրակ Թորոսյան. Ճիշտ համաներում է, ողջունում եմ Կառավարության որոշումը: Ուզում եմ մի այլ խնդրի անդրադառնալ: Նշում եմ այն անձանց, որոնք անչափահաս տարիքում հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում, սակայն շարունակում են ապրել երրորդ երկրում եւ ծառայում են այնտեղ: Հետագայում ՀՀ քաղաքացիություն ստանալու փորձի պարագայում մեր օրենքը պարտադրում է ծառայել հայկական բանակում: Այս խնդիրը պետք է լուծել, եւ այդ մարդկանց ազատել լրացուցիչ ծառայությունից:

Արտակ Մանուկյան. Ի՞նչ կլինի, եթե էլեկտրոնային հարթակների միջոցով մարդը կարողանա գրանցվել: Երբ գա սահմանը հատելու, մուտքի պահին մենք՝ որպես պետություն, պարտավորվենք պայմանական 10 օրվա ընթացքում գործը քննել: Մարդուն պետք է տանք կանխատեսելիության հնարավորություն:

Նիկոլայ Բաղդասարյան. Դուք պետք է ընթացակարգերը ճիշտ ձեւակերպեք: Մինչեւ արխիվից գործը բերում են, շաբաթներ է տեւում: Պետք է դիմում տալու պահից գործողությունը համարվի ժամկետում կատարված, մինչեւ տվյալ անձը արտասահմանում կարգավորի իր փաստաթղթերի հարցը: Մենք պետք է արձանագրենք ներկայանալու եւ համաներման կիրառման պահը: Դա պետք է անենք համաներման տեքստով:

Անդրանիկ Քոչարյան. Վերջին շրջանում պատերազմ անցած մեր զինվորների ծնողները բազմաթիվ առաջարկներ են ներկայացնում: Իրենք ողջունում են համաներման նախաձեռնությունը, առաջարկում 44-օրյա պատերազմ անցած մեր զինվորներին խրախուսելու մեխանիզմ գտնել: Այդ գաղափարն ինձ համար ընդունելի է: Պետք է մտածենք, թե խրախուսման ինչ մեխանիզմ ընտրենք:

Ռուստամ Բաքոյան. Օրենքի անհրաժեշտությունը հասունացել էր: Նախագծի ընդունումը թույլ կտա արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին վերադառնալ ու նպաստել հայրենիքի զարգացմանը: Օրենքը կարեւոր է, կոչ եմ անում բոլոր խմբակցություններին կողմ քվեարկել:

Անի Սամսոնյան. Վաղուց սպասված նախագիծ էր: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ էր ներկայացրել: Այս նախագիծը կարեւորում եմ երեք առումներով: Առաջինը՝ մեր հայրենակիցները կվերադառնան եւ իրենց ներդրումը կունենան Հայաստանի զարգացման հարցում: Երկրորդը՝ սա կարող է թոթափել թե՛ մեր բանակի, թե՛ իրավապահ համակարգի վրա դրված բեռը: Երրորդը՝ այն կնպաստի սերունդների համերաշխությանը:

Սերգեյ Բագրատյան. Ես առաջարկում եմ ընթացակարգային փոփոխություն անել: Այնպես անել, որ իրավունքի ուժով նրանք ազատված լինեն այս պատասխանատվությունից: Իսկ երկրորդ քայլով էլեկտրոնային եղանակով այդ մասին տեղեկացնել 5131 քաղաքացուն: Խնդիրն այնպես լուծենք, որ այլեւս որեւէ քաղաքացի անտեղյակ չլինի եւ օգտվի պետության կողմից արված հումանիզմի հզոր քայլից:

Պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը եւ Արփինե Դավոյանն անդրադարձել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ այսօրվա ելույթում հնչեցրած հայտարարություններին:

Հրաչյա Հակոբյան. Ինչքան կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում եւ անպատասխանատու հայտարարություններ անել, խոսել հայանպաստությունից, բայց լինել ոչ հայանպաստ հայտարարություն անողները: Ի տարբերություն ձեզ՝ իշխող մեծամասնությունն ունի պատասխանատվություն ՀՀ-ի եւ մեր գերեվարվածների նկատմամբ եւ գիտի՝ որտեղ ու ինչ հայտարարություն անի:

Արփինե Դավոյան. Ուզում եմ հիշեցնել Տարոն Սիմոնյանին, որ սա իր լսարանը չէ, ինքը մեր դասախոսը չէ, որ գա եւ այստեղից նման տոնով ելույթներ ունենա: Ես ցավում եմ, որ ԱԺ պատգամավորը տեղյակ չէ, թե ինչպիսի գործողություններ են տեղի ունենում: ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Պարոն Սիմոնյանն ավելի շատ մտահոգվում է նախընտրական տեղ զբաղեցնելու եւ նախընտրական ելույթի ֆորմատով: Պարոն Սիմոնյանին հորդորում եմ իր կորսված ձայներն այլ տեղ փնտրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ