ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով. հայտնի է նաև, թե «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները ԱԺ որ հանձնաժողովները կղեկավարեն

6.08.2021 - 18:57 դիտում

ՀՀ ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը և գործունեության ոլորտը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ` 27, 0` ձեռնպահ:

Քվեարկության էր դրվել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ` 68:

ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ խմբակցությունները նիստեր են հրավիրել, ընտրել են նիստերի քարտուղարներ և ղեկավարներ:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կդառնա 2 առանձին հանձնաժողով:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով,

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի՝ պետական-իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:

Այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի տնտեսական հարցերի, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:

Այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ