ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը

Աննա Կոստանյան 12.04.2024 - 11:23
12.04.2024 - 11:23 դիտում

Այսօր խորհրդարանը շարունակեց ապրիլի 9-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նշեց՝ իրենց խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է նախագծի երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը և հայտարարեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Որոշումն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ավելի վաղ նշել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի:

Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ