Պետական պարտքն ավելացել է, բայց մեր կյանքում ի՞նչն է ավելացել: Ազգային ժողովում Կառավարության՝ 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հարցադրում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսքն ուղղելով իշխող խմբակցությանը և նիստերի դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ուզում եմ գնալ, տեսնել՝ ստրատեգիական նշանակության ի՞նչ եք ստեղծել մեզ համար, մեր էրեխեքի համար»,- ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց՝ «Հայաստան» խմբակցությանը կարող են տանել և ցույց տալ, թե ինչ աշխատանքներ են կատարվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այս համատեքստում խոստացավ կազմակերպել դահլիճում հնչած առաջարկը և ապահովել ավտոմեքենայով տեղափոխումը:
Պատգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Ինձ ցույց տալու կարիք չկա: Դուք ժողովրդին պետք է ցույց տաք, թե 7 միլիարդն ինչի վրա է գնացել»:
Աննա Գրիգորյանի ելույթից հետո պատգամավորի և վարչապետի միջև երկխոսությունը շարունակվեց: Փաշինյանն առաջարկեց օր նշանակել և միասին գնալ՝ տեսնելու իրականացված աշխատանքները:
Ալեն Սիմոնյանը բարձրաձայնեց վարչապետի և պատգամավորի պայմանավորվածության մասին:
«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները համաձայն են գալ և տեսնել այն բոլոր ծախսերը, որոնք արվել են ամրացված շրջաններում:
Կարծում եմ՝ օրվա հետ կապված՝ ես ձեզ կտեղեկացնեմ: Տեսնենք, թե քանի պատգամավոր կգա»,- ասաց Ալեն Սիմոնյանը: