ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության լիազորությունն է. ՍԴ որոշում

Աստղիկ Խաչատրյան 22.12.2023 - 20:42
22.12.2023 - 20:42 դիտում

ՀՀ Սահմանադրական դատարանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինչպես նաև այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով  որոշման եզափակիչ մասը:

«Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշել է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:
4. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին և 19-րդ մասին համապատասխան` Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2024 թվականի մայիսի 31-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմանը:
5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՍԴ որոշումն՝ ամբողջությամբ՝ այստեղ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ