Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Էդուարդ Աղաջանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հարցի առնչությամբ կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, փաթեթի ընդունումը կնպաստի վթարի հետևանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը:
Ըստ առաջարկվող կարգավորման՝ ճանապարհատրանսպորտային պատահարին առնչվող վարորդներն օրենքի համապատասխան դրույթներով նախատեսված դեպքերում պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը թողնել և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր տեղափոխել, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Հակառակ պարագայում կնշանակվի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Պատգամավորը մանրամասն անդրադարձել է ընթացիկ իրավիճակին, խոսել կարգավորումների անհրաժեշտության մասին:
Նա հիշեցրել է, որ փաթեթը վերաբերում է միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս, և կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի ավելի քան 85 տոկոսին (համաձայն գործող բջջային հավելվածի՝ «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ASWA համակարգ) տեխնիկական սպասարկումն ապահովող «Բիվաք Հայաստան» ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության):
Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ հավելվածն ամբողջությամբ գործելու դեպքում վարորդներից կպահանջվի առավելագույնը 5 րոպե՝ տվյալները համակարգ ներբեռնելու համար:
Հարակից զեկույցում Քրիստինե Պողոսյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին: Նա առաջարկել է, որ ԱՊՊԱ ընկերությունները վարորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկեն հավելվածի հղումը՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Հիմնական զեկուցողը կողմ է եղել հնչած առաջարկին:
Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումը սահմանում է 20 րոպեի սահմանաչափը, իսկ հավելվածն ամբողջությամբ պատրաստ կլինի հունվարի 1-ից: Այդ ընթացքում փուլային տրամաբանությամբ այդ ժամկետը կարող է կրճատվել:
Հավելվածում ամենակարևոր փոփոխությունը նույնականացման համակարգի առկայությանն է վերաբերելու: Օրենսդրական փաթեթի համահեղինակի խոսքով ինչ-որ պահից սկսած բոլոր այն քաղաքացիները, որոնք կցանկանան վերակնքել ԱՊՊԱ պայմանագիրը, պարտավոր են ունենալ ASWA համակարգ, դրանում ներբեռնել իրենց տվյալները, որ վթարի պարագայում բոլոր տվյալները QR կոդի գեներացմամբ լրացվեն:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել: Կառավարությունը դրական է գնահատում նախաձեռնության ընդունումը: Գործադիրը խմբագրական բնույթի մի քանի առաջարկ է ներկայացրել:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: