Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 20.12.2022 - 19:57
20.12.2022 - 19:57 դիտում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, որը շնորհավորել է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքի առավել նշանակալի արդյունքները։

«Աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության և մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր խորապատկերում Ազգային անվտանգության ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների իրագործման շրջանակներում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ և դրանց տարատեսակ դրսևորումներ, որոնց ժամանակին բացահայտման, գնահատման, հակազդման և չեզոքացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր»,- ասել է Ա․ Աբազյանը:

ԱԱԾ տնօրենը իր ելույթում նշել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում 2022 թվականի ընթացքում «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգումը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի շրջանակներում ձևավորվել է նոր հանձնաժողով և դրան կից աշխատանքային խումբ:

«Հանձնաժողովն արդեն հրավիրել է նիստեր և ձեռնամուխ է եղել այս ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ գերեվարված և անհայտ կորած անձանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը և հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ»,- ասել է Արմեն Աբազյանը:

Ամփոփելով 2022 թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Ա․ Աբազյանը փաստել է, որ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ:

«Հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է երկրում տիրող օպերատիվ իրավիճակին և հետևողական շարունակելու է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, ինչպես նաև չեզոքացնելու է պետության ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները»,- նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը բարձր է գնահատել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն ու նվիրվածությունը:

«Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը և արդյունավետությունը ոչ բոլորին է տեսանելի և տեղեկատվությունը հասանելի, դա Ծառայության առանձնահատկություններից է և սա ես ընդգծում եմ նրա համար, որ գնահատում եմ ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը։

Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է՝ մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը պարտավոր է լինել ամենապետականամետը և մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։

Քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն՝ դա նշանակում է, որ մեր բոլորի աշխատանքը բավարար չափով արդյունավետ չեմ կարող համարել, որովհետև մենք առնչվում ենք ոչ սովորական մարտահրավերների»,- ասել է վարչապետը:

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար արժանացել են պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, դեպարտամենտի ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ