2016-ին ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի շրջանակում 46 դպրոցի կառուցման և ամրացման աշխատանքներ են նախատեսվում: Ծրագրի շահառու է 20 հազար աշակերտ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ըստ այդմ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ, վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։
«Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում 50 դպրոցի կառուցման աշխատանքների մոտավոր արժեքը կազմում է շուրջ 366 մլն դոլար:
«Կառավարության կողմից համաֆինանսավորումը կկազմի 73 մլն դոլար, իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը՝ 293 մլն դոլար»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ծրագիրը հաջողությամբ ընթանում է, և որ մինչև տարեվերջ կունենանք առնվազն 303 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ավարտ: Նա միաժամանակ հիշեցրեց, որ երկրորդ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ծրագիրն է մեկնարկելու:
«Ընդհանուր առմամբ հաջող է ընթանում պրոցեսը, եթե չասեմ՝ լավ է ընթանում: Մենք հետևողականորեն պետք է շարունակենք»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում շուրջ 1000 դպրոց պետք է ունենալ, որպեսզի վստահ լինենք, որ ֆիզիկապես նորմալ ենթակառուցվածք է ստեղծվել ՀՀ-ում:
