Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից՝ ԼՂ հակամարտությունը հարկադիր միջոցներով լուծելու համար. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

21.10.2023 - 20:15 դիտում

Տարածաշրջանային կարգավորումները կարող են էական դեր խաղալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ գործելով վեճերի խաղաղ լուծման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման և կանխարգելման օգտին:

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ կարգավորումների ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ լուծման գործում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:

Նրա խոսքով՝ նման մեխանիզմները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ տարածաշրջաններում հակամարտությունների պատմական համատեքստը, արմատական պատճառներն ու բարդությունները և առաջարկել երկխոսության և միջնորդության ավելի մասնավորեցված գործիքներ: Որպես օրինակ՝ դեսպանը նշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՄԱԿ-ի մանդատ ստացած մեխանիզմ:

«Միջազգային հանրության կողմից հավանության արժանացած այս մեխանիզմը լուրջ մարտահրավերի բախվեց, երբ Ադրբեջանը որոշեց 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սկսել համաշխարհային համավարակի պայմաններում՝ կոպտորեն խախտելով 1994 և 1995 թվականների հրադադարի մասին գործող համաձայնագրերն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- նշել է Մարգարյանը։

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից՝ հակամարտությունը հարկադիր միջոցներով լուծելու համար: Նա նաև հիշեցրել է Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որով Բաքուն խախտել է ոչ միայն իր միջազգային պարտավորությունները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Միայն այն ժամանակ, երբ ԼՂ-ն լիովին հայաթափվեց, Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ին կատարել իր առաջին այցը Լեռնային Ղարաբաղ: Ակնհայտ է, որ միակ նպատակը ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը շահարկելն է՝ փորձելով քողարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումները, այդ թվում՝ սովի մատնումը, ռմբակոծությունները և բռնի տեղահանումը»,- նշել է դիվանագետը:

Նա հիշեցրել է նաև Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի բանաձևերը, որոնք խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան՝ քաղաքացիական բնակչությանը վտարելու համար հարկադրանքի միջոցների կիրառումը համարելով մարդկության դեմ հանցագործություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ