Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր մայիսի 28-ին կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Աննա Կոստանյան 30.05.2022 - 10:18
30.05.2022 - 10:18 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր 2022 թվականի մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ «ապատեղեկատվություն են» (չակերտները՝ Tert.am):

«Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։

Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ