Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ. Փաշինյան

Աննա Կոստանյան 31.03.2022 - 12:10
31.03.2022 - 12:10 դիտում

Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցն Ադրբեջանն օգտագործում է էսկալացիան արդարացնող խոսույթ ձևավորելու համար: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ, և ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ՝ հայկական կողմի առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

«Այս հարցում, սակայն, մենք եղել ենք և կանք մաքսիմալ ճկուն և հետքաշման մի քանի այլ բանաձևեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կա՛մ չի ընդունում, կա՛մ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիթորինգի մեխանիզմ գործարկել:

«Մենք այդպիսի մի քանի տարբերակ ենք առաջարկել Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,- նշեց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ