Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը. Նիդերլանդների ԱԳՆ

Աննա Կոստանյան 19.05.2023 - 12:21
19.05.2023 - 12:21 դիտում

Նիդերլանդների խորհրդարանում ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի մասնակցությամբ կայացած արտաքին քաղաքական քննարկումների ժամանակ «Գյուղացիաքաղաքացիական շարժում» կուսակցության ղեկավար պատգամավոր Վան դեր Պլասը, որը բացարձակ հաղթանակ է տարել վերջերս կայացած նահանգային ընտրություններում, խորհրդարանի արտաքին գործերի մշտական ​​հանձնաժողովի շրջանակներում հայ համայնքին հուզող հարցեր է ուղղել ԱԳ նախարարին:

Հարցերին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերման դեպքում Նիդերլանդներն ու ԵՄ-ն ինչպե՞ս կարող են նպաստել երկարաժամկետ խաղաղության պահպանմանը, և արդյոք նախարարը ջանքեր կգործադրի՞ դրան հասնելու համար, նախարարը պատասխանել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, ինչը, հուսով է, կհանգեցնի կայուն խաղաղության համաձայնագրի:

Նախարարը նշել է, որ էական է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչի համար ամբողջությամբ պատասխանատու է հենց ադրբեջանական կողմը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են անում պահպանել խաղաղ բնակչության անվտանգությունը, և անհրաժեշտության դեպքում նախարարը դա նույնպես կանի Նիդերլանդների Թագավորության անունից:

Վան դեր Պլասը, շեշտելով հայ համայնքի անհանգստությունը, հարցրել է՝ արդյոք «միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակում է նաև 2022 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանի զավթած Հայաստանի տարածքի (150 քառակուսի կմ) վերադա՞րձը:

Նախարար Հուքստրան նշել է, որ, ընդհանուր առմամբ, իրենք միշտ հանդես են գալու տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչը լիովին օրինական պահանջ է և համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ բանակցություններում, բնականաբար, պետք է ներգրավված լինի նաև այս հարցը:

Վան դեր Պլասը նաև հետաքրքրվել է՝ արդյոք նախարարը տեղյակ է Եվրոպայի պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանի տարածքով Բաքվի կողմից ռուսական գազի ներկրման մասին լուրերին:

Նախարարը պատասխանել է, որ ԵՄ-ն այդ հարցով դիմել է Ադրբեջանին: Ըստ նախարարի՝ խոսքը վերաբերում է գազի փոքր քանակությանը, սակայն կարևոր է այդ մասին խոսելը: Նախարար Հուքստրան ընդգծել է, որ ԵՄ-ն հստակ ընդգծել է, որ կրկին շարունակելու է այդ հարցը Ադրբեջանի հետ օրակարգում պահել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ