Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին

Աստղիկ Խաչատրյան 23.02.2024 - 09:01
23.02.2024 - 09:01 դիտում

France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում: Նրա խոսքով` երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում հերքվում են Ադրբեջանի գործողություններով:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը` նա հերքել է Բաքվի մեղադրանքները, թե իբր Փարիզը «կրակի վրա յուղ է լցնում», Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում սպառազինության ձեռքբերման համար։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կերպով կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Նա հավելել է, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը» չի թուլանում։

ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը.

«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»:

Վարչապետը հավելել է` եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։

Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»: Փաշինյանը միաժամանակ հաստատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարց օրակարգում չկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ