Ադրբեջանը համարում է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը՝ լուծված չէ. Փաշինյան

Աննա Կոստանյան 25.05.2022 - 17:46
25.05.2022 - 17:46 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարց ուղղեց Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մասին: Եղոյանը մեջբերեց Միշելի խոսքերն առ այն, որ «անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:

«Հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին, շահարկվեցին, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, թե սա հետնահանջ է ԵԱՀԿ ՄԽ օրակարգից»,- նշեց Եղոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց կայացած քննարկումը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը այդ առումով:

Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Դրանք արտահայտված են հրապարակայնորեն: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ:

Խաղաղության համաձայնությունների հնարավոր համատեքստում, դուք գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները և օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը:

Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք, իր կարծիքով կամ իր տեսակետով՝ հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանո՞վ է ստացվել կամ ճշգրիտ՝ ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և դրանց մեջ որևէ փոփոխություն չկա, մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

Եղոյանը մեջբերեց մեկ այլ շահարկում ևս, թե իբր քննարկվել է նաև անկլավների հարցը:

«Այդ հարցը ծագեց այն ժամանակ, երբ հաղորդագրության մեջ ասվում էր՝ Ադրբեջանի և Ադրբեջանի միջև հաղորդակցություն և Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն:

Հարց էր ծագում, թե սա ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքը, օրինակ՝ Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որով կարող է նաև դե յուրե հնարավորություն ստեղծվել ավտոմոբիլային հաղորդակցության համար: Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ ունենք Մեղրիից դեպի Հայաստանի բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է:

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ասեմ, որ այդպիսի հարց չի քննարկվել Բրյուսելում, բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն ակնարկով կամ ուղիղ տարբեր ձևաչափերում բարձրացնում է, մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է: Որևէ մեկը չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում՝ առավել ևս: Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ