Ադրբեջանը բոյկոտ է հայտարարում Ռուսաստանին

29.06.2025 - 19:53 դիտում

Բաքուն հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։

Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են. «Պատճառը Եկատերինբուրգում ռուսական անվտանգության ուժերի կողմից առանց դատավարության կամ հետաքննության իրականացվող ադրբեջանցիների ցուցադրական սպանություններն են, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգված բնույթը»։
Ադրբեջանում չեղարկվել են Ռուսաստանի պետական ​​և մասնավոր հաստատությունների կողմից կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները, X-ում հայտնել է երկրի մշակույթի նախարարությունը:
Խոսքը համերգների, փառատոների, ներկայացումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին է:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և «խիստ բողոք» է հայտնել նրան:
Ադրբեջանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների տների վրա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության իրականացրած հարձակման հետևանքով իրենց հայրենակիցների զոհվելու և ոմանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, նաև 9 մարդու ձերբակալման կապակցությամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ