ԱԳ նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի առաքելության ԼՂ ժամանման ուշացած լինելու հանգամանքը

2.10.2023 - 21:37 դիտում

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի:

ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար:

Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:

ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր:

Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ