ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 23-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Գոհունակություն հայտնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունների առնչությամբ՝ զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:
«ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա նախագծերին։
Արտգործնախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվեց ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»,- հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:
Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը: