Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աննա Կոստանյան 19.04.2024 - 15:08
19.04.2024 - 15:08 դիտում

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ և այդ նպատակով կատարել են դերաբաշխում:

2023 թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը, բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, բարձրացել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ:

Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սևեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով:

Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս նաև վարույթի շրջանակներում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման: Ելնելով դրանից՝ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ