ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու ընդդիմության նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունն աննպատակ է ու անհեռանկարային է: Իշխող խմբակցության պատգամավորները թեմային անդրադարձել են ԱԺ ճեպազրույցի ընթացքում:
«Ընդդիմությունը, որքան էլ փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,-ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ շատ ավելի կարևոր հարցեր ունեն քննարկելու, քան ԱԺ նախագահի հրաժարականի պահանջի նախագիծը: «Այդ հարցերը դոփում են տեղում այն պատճառով, որ ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններով, շոուներ բեմադրելով, և այս նախագիծն օրակարգ բերելն էլ հենց այդ շոուների շարքից է»,-ասաց պատգամավորը:
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրեն ուղարկվել է ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են իր հրաժարականը: