Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել փլուզում, որի տակ քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է նույն գյուղի բնակիչ 68-ամյա Աղվան Թ․-ին պատկանող անասնագոմի հողաշեն տանիքը, վերջինս կիսով չափ մնացել է հողաշերտի և փլատակների տակ։
Փրկարարները և գյուղացիները փլատակների տակից դուրս են բերել վիրավորին։ Վերջինս տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։