ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նախագիծը կնպաստի հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կկանխի հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժի փորձերը:
Տրանսֆերային գնագոյացման ստուգումների հատուկ ընթացակարգ է գործելու: Հարկ վճարողը մինչև հաշվետու տարվան հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին է ներկայացնելու իր վերահսկվող գործարքների մասին ծանուցումը, որից հետո յուրաքանչյուր ներկայացված ծանուցում ենթարկվելու է անհատական վերլուծության: Որևէ ռիսկի վերհանման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հարկային մարմինը դիմելու է հարկ վճարողին, որպեսզի վերջինս 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնի ռիսկային համարված վերահսկվող գործարքի վերաբերյալ փաստաթղթավորում:
Հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերն ուսումնասիրվելու են: Գործընթացը կարող է տևել տարիներ: Հարկային մարմինը կամ բավարարվելու է ներկայացված փաստաթղթերով կամ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ հաշվարկներ է իրականացնելու և առաջարկելու է հարկ վճարողին կատարել ճշգրտում: Հարկ վճարողը հարկային մարմնի հետ համաձայն լինելու դեպքում իրականացնելու է ճշգրտում, իսկ չհամաձայնելու դեպքում՝ ներկայացնելու է հակառակ փաստարկներ հարկային մարմին:
Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստարկներն ընդունելու դեպքում տրանսֆերային գնագոյացման բուն ստուգման գործընթաց չի սկսվում, իսկ հակառակ դեպքում սկսվում է տրանսֆերային գնագոյացման ստուգում: Ստուգման գործընթացը կարող է լինել բավականին երկար, քանի որ այդ գործընթացում արդեն կարող են ներգրավվել օտարերկրյա հարկ վճարողներ և հարկային մարմիններ:
Պատգամավորներին հետաքրքրել են տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագիրը չհրապարակելուն, շուկայական գների համապատասխանության կարգավորմանը, հարկման ազատական համակարգ ունեցող երկրներից տեղեկատվություն ստանալու հնարավորությանը վերաբերող հարցերը:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: