Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ:
ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու հանգամանքի վրա: Ռուսական կողմը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերսկսումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության: Ձեռք է բերվել շփումները շարունակելու պայմանավորվածություն: