Վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք վնասը

Աննա Կոստանյան 14.04.2025 - 14:11
14.04.2025 - 14:11 դիտում

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերությունների 50 և 100 տոկոս բաժնեմասերի սեփականատերը, այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2020-2024 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու և այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով, դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 51/2 և Երևան քաղաքի Վրացական փողոց 16/5 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերում ներառել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ անշարժ գույքի փաստացի գնի փոխարեն պայմանագրերում նշելով ավելի ցածր գին:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի ապրիլի 11-ին դատախազը, սեփական նախաձեռնությամբ, հանրային քրեական հետապնդում է հարուցել վերոնշյալ անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումները կայացնելուց հետո, նշված անձանց ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ ընկերությունների սեփականատերն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը և վերականգնել պետությանը պատճառված վնասից՝ 1 միլիոն 662 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 650 միլիոն դրամը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ