Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում վերջին երկու օրերի ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի էական աճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ դրական նոր դեպքերի թիվը եղել է 257, սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ արդեն 295. կառավարության ղեկավարի խոսքով՝ հայտնաբերման տոկոսը բավական բարձր է, այսինքն՝ թեստերի թիվը մեծ է:
«Երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135։ Ես հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում մեր թեստերի մաքսիմալ ծավալը 3000-ի չի հասել։ Բայց այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ մենք հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա։ Օրինակ՝ ես երեկ մարտից հետո առաջին անգամ Երևանում խցանում նկատեցի։ Թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումերի թիվը մեծ է, այդ պատճառով էլ բացարձակ թվով դրական դեպքերի թիվը մեծ է։
«Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ նաև տոկոսային աճ, այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է։ Մենք մեր վերլուծությունների արդյունքում կարծում ենք, որ այս աճի միտումը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչդպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն տեսանելի կլինի, թե դպրոցների բացման արդյունքում ինչ իրավիճակ է համաճարակային առումով։
«Թեև արտակարգ դրության ռեժիմն ավարտվել է, բայց կանոնները խստորեն պետք է պահպանել։ Վիճակագրությունը փաստում է՝ միայն կանոնների խստորեն պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք, ինչը առողջապահական համակարգում մեծ լարում է առաջացնում»,- ասաց փոխնախարարը: