Վարչապետն անդրադարձել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը

Աննա Կոստանյան 1.09.2022 - 16:01
1.09.2022 - 16:01 դիտում

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: «Երեկ մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ նշված են քննարկված թեմաները: Նաև նշված են այն որոշումները, որոնք կայացվել են. դրանք աշխատանքային բնույթի որոշումներ են: Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն: Մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել: Նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև, որ հաղորդելու այլ մանրամասներ այս պահին չկան, քանի որ դրանք արդեն համառոտ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրությունում. «Հետագայում, եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության հետ, քաղաքական ուժերի հետ, մենք դա, իհարկե, անպայման կանենք»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ