ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ), և հաստատվել է շտաբի կազմը
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան 4:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է:
Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29-ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում:
Տարհանված քաղաքացիներից 6-ը անչափահաս երեխաներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։