Կառավարությունը օգոստոսի 1-ի նիստի ընթացքում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին նախագծին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ նախարարության ռազմավարության ծրագրում նախատեսված է, որ գործող ատոմակայանի հարակից տարածքում ժամկետի ավարտից հետո պետք է ունենալ նույն հզորությամբ նոր էներգաբլոկ, որը կշարունակի աշխատել գործող էներգաբլոկի նման։
«Այս գործընթացը ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու համար առաջարկվում է ստեղծել այդ կազմակերպությունը։ Սկզբնական փուլում ստեղծվելուէ ընկերությունը, որն էլ շարունակելու է ողջ գործընթացը։ Ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով, ընկերությունը կլինի նխարարության համակարգման ներքո»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ կադրերի համալրումից, մասնագիտական կարողություններից և այլնի զարգացումից հետո, ընկերության գործընկերները Կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես կազմակերպել հետագա աշխատանքները։ Կառավարության որոշումից հետո կազմակերպությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի շինարարության ողջ գործընթացը։ Այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։