Սպանվող երիտասարդը 2 օր առաջ էր վերադարձել ՌԴ-ից․ մանրամասներ՝ Մեղրաշեն գյուղում կատարվածից

3.11.2024 - 13:20 դիտում

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում երեկ սպանություն էր տեղի ունեցել։

Մեղրաշենցիների պատմելով՝ գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվողը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։  Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝  նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։

Գևորգ Գ․-ն սաստել է նրան, թե «բերանդ քեզ հավաքիր», դիմացը խանութ է, քույրս էլ այնտեղ է աշխատում, ինչ ես հայհոյանք տալիս, սակայն տեսնելով, որ Արգիշտի Ա․-ն շարունակում է վիճաբանել, մի հարված է հասցրել  նրան։

Հավաքվածներն էլ նեղացել են Արգիշտի Ա․-ի վրա, թե ինչ ես կռիվ սարքում, որից հետո նա լուռումունջ հեռացել է, նրա տունը մոտ է եղել զրուցարանին ու տանից մի մեծ դանակ վերցնելով՝ դրել է ծոցը, վերադարձել ու թիկունքից հարվածել զրուցարանում նստած Գևորգ Գ․-ին՝ վնասելով սիրտը։

Մեղրաշեն գյուղի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը հաստատեց գյուղացիների պատմածը՝ հավելելով, որ սպանության մեջ կասկածվող Արգիշտի Ա․-ն  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա հաշվառված է։

Վերջինս, ըստ վարչական ղեկավարի, մի քանի անգամ կասկածվել է ոստիկանության կողմից թե՛ Մեղրաշենում և թե՛ Փանիկում տներից կատարած գողության մեջ, սակայն չի դատվել,  իրավապահներն անմեղսունակ են համարել նրան։

Վարչական ղեկավարը նաև փոխանցեց, որ սպանվողը յուրահատուկ  երիտասարդ էր, աշխատասեր, ամուսնացած չէր, արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն, վերադարձել էր դեպքից երկու օր առաջ, պատրաստվում էր երկուշաբթի օրը վիրահատության տանել մորը։

Գևորգ Գ․-ին Արթիկի հիվանդանոց են տեղափոխել մահացած՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Նրան հիվանդանոց տեղափոխված տղամարդիկ սկզբում Արթիկի ոստիկաններին ապակողմնորոշել են՝ ասելով, թե Գևորգ Գ․-ն իբրև կանգնած է եղել ճանապարհին, իրենցից օգնություն է հայցել՝ ասելով, թե ինձ խփել են։

Ոստիկանության Արթիկի  բաժնի ծառայողները Արգիշտի Ա․-ին հայտնաբերել են իր տանից։

Նա ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ