«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը ՀՀ-ի մասին էր, և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից, և, ինչպես իրենք են ասում՝ «իրենց ձևերով» ինչ-որ բան անել։
ՀՀ-ն ունի արձագանքի կոնկրետ լծակներ, և ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի՝ տենց բան ասի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սամվել Կարապետյանի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ հարցին։
Նա նշեց՝ Հայաստանը ժողովրդավար երկիր է, և յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք, բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող․ «Եվ ես ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքերում»։
«Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը կապ չունի եկեղեցու շահերի հետ, ես ուղիղ մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով տվել էի Կառավարության անդամներին հանձնարարական, որ կա՛մ ՀԷՑ-ից կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, կա՛մ ՀԷՑ-ը պետք է պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այդ ակտիվացումը կապում եմ իմ հանձնարարականի հետ»,-հավելեց վարչապետը։