Սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

Հրաչ Սահակյան 8.12.2020 - 23:19
8.12.2020 - 23:19 դիտում

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին և կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- ասաց նա։

Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Որոշման համար հիմք է հանդիսացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը:

«Սա ցույց է տալիս փոքրոգության մասին. հիմնական քաղաքական ուժի ղեկավարին այս բարդագույն շրջանում անօրինական գնաս ու ասես, որ զբաղվել ես բիզնեսով ու մանդատդ պիտի դնես, խայտառակ փոքրոգություն է», – լրագրողներին ասել էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասել էր, որ նիստին ԲՀԿ չորս ներկայացուցիչները դեմ են քվեարկել նախաձեռնությանը, «Իմ քայլը»-ից տասը ներկայացուցիչ՝  կողմ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ