Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Պուտին

18.06.2022 - 17:21 դիտում

Հարված գոտկատեղից ներքև՝ այսպես են ֆրանսիացիները գնահատել ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը Ուկրաինայի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին:

«Մենք դրա դեմ ոչինչ չունենք. ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է՝ միանալ կամ չմիանալ տնտեսական ասոցիացիաներին, և տվյալ տնտեսական ասոցիացիայի խնդիրն է՝ ընդունել նոր պետություններին որպես իր անդամի, թե ոչ»,- երեկ ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն, ի տարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի, երբեք ռազմական կամ պաշտպանական դաշինք չի եղել։

Le Figaro թերթը հրապարակել է ֆրանսիացիների արձագանքն այդ հայտարարությանը: Ըստ պարբերականի՝ ֆրանսիացիների մեծ մասն այն կարծիքին է, որ տնտեսապես թուլացած Եվրոպան ստիպված կլինի իր վրա վերցնել Ուկրաինայի ֆինանսական բեռը, ինչը ԵՄ բոլոր երկրներին կդարձնի անկենսունակ։

Նրանք նշել են, որ Պուտինն ամեն ինչ հաշվարկել է, ուստի դեմ չի արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

Ֆրանսիացիները նկատել են, որ Ռուսաստանի նախագահին չի հետաքրքրում, թե իր ռուսախոս արևելյան հատվածից կտրված Ուկրաինան կմիանա՞ ԵՄ-ին, թե՞ ոչ։

Իսկ Ղազախստանի նախագահ Տոկաևը, ընդհանրապես, զարմացած է, թե ինչպես է Ուկրաինան անդամակցելու Եվրամիությանը՝ հաշվի առնելով պետության անմխիթար տնտեսությունը:

«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կկայանա Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այնտեղ  պահանջները շատ խիստ են։ Ուկրաինայի տնտեսությունն անմխիթար վիճակում է, ըստ երևույթին, կա հատուկ ծրագիր՝ արտոնյալ ծրագիր՝ Ուկրաինայի համար»,- ասել է Տոկաևը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ