Ռուսական և ուկրաինական կողմերը շարունակել են դրոններով հարձակումները միմյանց ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 10.02.2025 - 19:42
10.02.2025 - 19:42 դիտում

Երկուշաբթի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել է Ուկրաինայի տարածքի վրա 83 գրոհային անօդաչու թռչող սարքով, որոնցից 61-ը խոցվել են, 22-ը «անհետացել՝ առանց բացասական հետևանքների», ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի զինուժն օդային ռումբեր է նետել Կրամատորսկի բնակելի թաղամասերի վրա։ Կոնստանտինովկայի և Կրամատորսկի ուղղությամբ ավիահարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել։

Այդ քաղաքներում ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 26 շինություն, վնասվել են տասնյակ մեքենաներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատար խողովակներ:

Ռուսական կողմն էլ հաղորդել է ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների մասին: Թիրախում եղել է Կրասնոդարի երկրամասը: Ըստ տարբեր աղբյուրների՝ դրոնների մասերն ընկել են ոչ միայն բնակելի շենքերի վրա, մի քանի հզոր պայթյուններ են լսվել Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը: Ըստ տեղեկությունների՝ միաժամանակ ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սլավյանսկի Կուբանի նավթավերամշակման գործարանի վրա։

Փետրվարի լույս 10-ի գիշերը դրոններով հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզի սահմանամերձ շրջանը։ Մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի խոսքով՝ բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են, տեղում զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ