Ռոբերտ Քոչարյանը հայր Ալիևի տված երաշխավորագիրը մինչև հիմա արդարացնում է. Վահագն Ալեքսանյան

19.06.2025 - 12:06 դիտում

Այս երկրում՝ ՀՀ-ում, պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, որն Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, Ռոբերտ Քոչարյանն է: Ռոբերտ Քոչարյանը Կոմունիստական կուսակցության անդամ դարձել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով: Այս մասին ԱԺ-ում ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի ու Աննա Գրիգորյանի ելույթներին:

Նրա խոսքով՝ Քոչարյանը արդարացրել է Ալիևի երաշխավորագիրը:

«Երբ գալիս եք, այստեղից ցինիկ ելույթներ եք ունենում, գիտե՞ք՝ ինչով է պայմանավորված: 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը պիտի ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ ռազմական բյուջեն կազմում է 139 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 150 միլիոն դոլար, տարբերությունը՝ 11 միլիոն: Ոնց ասեմ՝ Քոչարյանի տան գնի չափ ընդամենը:

2008 թվական, Քոչարյանը հանձնում է նախագահությունը, ՀՀ ռազմական բյուջեն 364 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 1 միլիարդ 932 միլիոն դոլար: Մարդը ստանձնում է պետության ղեկը՝ ունենալով Ադրբեջանից բյուջեի տարբերություն ռազմական՝ ընդամենը 11 միլիոն դոլարի, ու երկիրը հանձնել է իր սիամական երկվորյակին՝ ունենալով ռազմական բյուջեի տարբերություն՝ 1 միլիարդ 600 միլիոն դոլարի»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե նախագահ Քոչարյանի կառավարման տարիները ծաղկման տարիներ էին, ընդունեց՝ դրանք ծաղկման տարիներ էին եղել Ադրբեջանի համար:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանին այդ տարիներին պետք էր խաղաղությունը:

«Այդ մարդը հայր Ալիևի տված երաշխավորագիրը մինչև հիմա արդարացնում է: Որ ինչ-որ երկրի ուզենաս վատություն անես կամ թշնամիդ լինի, պիտի ասես՝ Քոչարյանը դառնա քո նախագահը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան, այսպես կոչված, հակամարտությանը, ընդգծեց՝ 2026-ի ընտրություններից առաջ հնարավոր չէ խաբել ժողովրդին:

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սիամական երկվորյակներ են, ի դեպ, իրար կպած են կենսական օրգաններով: Անհնար է նրանց իրարից հեռացնել»,- հավելեց Ալեքսանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ