Ուղիղ 125 տարի առաջ՝ 1897 թվականին, Կարս քաղաքի բնակիչ Աբգար աղայի «անտաշ քարով» շինված տան վրա աստղ իջավ՝ ի դեմս Եղիշե Սողոմոնյանի, հետագայում՝ բանաստեղծ Չարենցի, հայոց բազմադարյան գրականության ամենապայծառ աստղերից մեկի: Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է: Եղիշե Չարենցի կյանքի ժամանակը, որ համընկավ հարազատ ժողովրդի ողբերգական իրադարձություններով հարուստ ճակատագրին, պայմանավորեց եւ ուղենշեց նրա ամբողջ ստեղծագործության բովանդակությունը:
Եղիշե Չարենցը հայ գրական մտքի հսկաներից մեկն է։ Նրա փոքրիկ մարմնի մեջ բնությունը դրել էր ահռելի մի սիրտ, իսկ հոգում աստվածային մի հուր։ Չարենցի հայրենասիրական եւ մարդասիրական ոգին արտահայտվել են նրա բարձրարժեք պոեզիայում, որն իր փիլիսոփայական խորությամբ ու գեղարվեստական արժեքով նոր հուն էր բացում հայ գրականության մեջ։