Ուսումնասիրություն է սկսվել Նոր Նորք վարչական շրջանի միջադեպի առնչությամբ. ՄԻՊ

Աննա Կոստանյան 30.04.2025 - 18:33
30.04.2025 - 18:33 դիտում

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է:

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։

Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ Արթուր Չախոյանի վատ ինքնազգացողությամբ պայմանավորված` հրավիրվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Միաժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։
Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Փաստաբանի տեղեկացմամբ, ակտիվիստ և բլոգեր Արթուր Չախոյանը ձերբակալված է խուլիգանություն կատարելու կասկածանքով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ