Որոտանի և Շուռնուխի հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 24.12.2020 - 13:03
24.12.2020 - 13:03 դիտում

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներից:

«Դրանք ունեն որոշակի նրբություններ ու որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այդ աշխատանքը անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից», – ասաց վարչապետը:

Նա նշեց, թե այս գործունեության հետ կապված կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ:

«Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում», – ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

«Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք կլինեն պաշտպանված», – ասաց նա:

Նիկոլ Փասշինյանի խոսքով՝ ՀՀ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա:

«Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է», – վստահեցրեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, թե այսօր քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես հնարավորինս սահուն ընթանա պրոցեսը:

Փաշինյանը նշեց, թե քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ