Շիրակի մարզպետը այցելել է մարզի դպրոցներ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով

Աննա Կոստանյան 11.01.2023 - 17:21
11.01.2023 - 17:21 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր եղել է Գյումրու թիվ 21 և 27 դպրոցներում։

«Այցի նպատակն է նախ տեսնել, թե ինչպիսին է դպրոցներում հաճախելիությունը, որովհետև սուր շնչառական վարակների որոշակի աճ կա, բայց պետք է արձանագրեմ, որ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում բացակայությունների քանակն այս պահին 10 տոկոսը չի գերազանցում, այս օրերին աշակերտները ջերմաչափվում են, փորձում ենք նաև վերահսկել դասարաններում ինչպիսի ջերմաստիճան է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ խիստ վերահսկողության տակ են այն շինաշխատանքները, որոնք իրականացվում են դպրոցներում պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով։

Թիվ 21 դպրոցում 13 մլն դրամի շրջանակներում փոխարինվել են մարզադահլիճի և հանդիսությունների սրահի դռներն ու պատուհանները:

«Զուգահեռ, ընդամենը օրեր առաջ վարչապետի հանձնարարականով փոխվարչապետի գրասենյակ ենք ներկայացրել Շիրակի մարզից շուրջ մեկ տասնյակ դպրոցների տվյալներ, որոնք առաջիկայում կհամալրվեն անհրաժեշտ գույքով՝ դա մարզագույք է, աշակերտական նստարաններ, այն գույքը որը դպրոցին անհրաժեշտ է։

Գյումրու թիվ 21 դպրոցը ևս ընդգրկված է այդ ցանկում, ունենք դպրոցներ ինչպես մարզկենտրոնից, այնպես էլ գյուղական համայնքներից և փորձում ենք այս պահին կարիքներն օբյեկտիվորեն գնահատել։ Մենք ուզում ենք, որ այդ օգնությունը թիրախային լինի, որովհետև իրապես շատ դպրոցներ վերանորոգվում են, բայց գույքի առումով խնդիր ունեն, իսկ մենք հակված ենք այդ խնդիրներին ամբողջական լուծում տալ»,- տեղեկացրել է մարզպետը:

Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև մարզպետարանի ենթակայության հաստատություններում իրականացվող ստուգայցերին․ «Իմ հանձնարարականով մշտադիտարկման խմբերը շուրջ մեկ ամիս է՝ այցելում են ուսումնական և առողջապահական հաստատություններ, արձանագրված թերացումներ ունենք մի քանի հաստատություններում։ Նախօրեին նիստ է գումարվել և դրա արդյունքներով արդեն դպրոցի տնօրեններից բացատրություններ և պարզաբանումներ ենք խնդրել, որովհետև խախտումները երբեմն ընթացակարգային են, երբեմն օրենքի կոպիտ խախտումներ ունենք՝ «թաքնված» հաստիքներ, ունենք շատ նորմատիվների խախտումներ։ Դրանց Աշխատանքային օրենսգրքին համապատասխան ընթացք կտրվեն։

Շատ հաստատություններում, այդ թվում՝ մարզային ենթակայության թանգարաններում, մենք տեսնում ենք կանոնադրության և հաստիքացուցակների մեջ տարբերություններ և հիմնականում ղեկավար պաշտոններում, որին անպայման կանդրադառնանք»։

Շիրակի մարզպետը նշել է, որ այն թերացումները, որոնք շտկման կարիք ունեն, կտրվեն հանձնարարականներ համապատասխան ժամկետներում շտկելու նպատակով, իսկ առավել կոպիտ խախտումներին համապատասխան ընթացք կտրվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ