Նիդերլանդները կաջակցի Հայաստանին՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու տնտեսության զարգացման ուղղություններով

Աննա Կոստանյան 11.01.2022 - 17:19
11.01.2022 - 17:19 դիտում

Նիդերլանդները կաջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել բարեկամ երկրի խորհրդարանին՝ Արցախի վերաբերյալ ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու որոշման համար և բարձր գնահատել դեսպանատան ծավալած ակտիվ գործունեությունը՝ ուղղված ինչպես Հայաստանի համայնքների զարգացման համար սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, այնպես էլ COVID-19-ի դեմ պայքարում աջակցության տրամադրմանը։

Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և, կարևորելով երկու երկրների կառավարությունների ակտիվ գործակցությունը, ընդգծել է, որ այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Դեսպանը կարևորել է նաև տնտեսության զարգացման ուղղությամբ առկա համագործակցությունն ու նշել, որ Նիդերլանդների նպատակը Հայաստան ներդրումներ բերելն ու բիզնես համայնքին աջակցելն է ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Փոխվարչապետը շեշտել է, որ Հայաստանի Կառավարությունը հետաքրքրված է հատկապես գյուղատնտեսության ոլորտում Նիդերլանդների կուտակած փորձով, և կանի առավելագույնն այդ ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ