Նախարարությունը պետք է զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է ԱԻ նորանշանակ նախարարին

Գոհար Ստեփանյան 21.11.2020 - 11:01
21.11.2020 - 11:01 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր են Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարար ծառայությունը նույնպես մեր զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ, և նույնպիսի անելիքներ կան նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել, և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասացի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով: Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման»,- իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ