Մինչև 2025 թվականը նախատեսվում է նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսել. Նիկոլ Փաշինյան

6.10.2021 - 19:41 դիտում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փաստին, որ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր է դարձել:

«2000-ականներից ի վեր առաջին անգամ ՀՀ-ն, ՀՀ ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է: Հույս ունեմ, որ այդ փայաբաժինը կավելանա, բայց այնպիսի չափերի, որ չի դեֆորմացնի մեր տնտեսության շուկայական բնույթը: Երբ հայտարարվեց, որ Կառավարությունը դառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, հնչեցին կարծիքներ, թե այստեղ կա մութ և կասկածելի գործարք:

Այ, եթե այդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե Կառավարությունը, այլ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այս օֆշորային ընկերության սեփականատերը լիներ, ասենք, վարչապետի ընտանիքի անդամ, որևէ նախարարի ընտանիքի անդամ, այդ դեպքում կլիներ մութ գործարք: Այս դահլիճի ոչ այս հատվածում նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են:

Կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու դրանց պատճառահետևանքային կապը, այդ թվում՝ պոտենցիալ դավաճանական գործարքների հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մինչև 2025 թվականը նախատեսվում է նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսել:

««Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից ՀՀ-ին արվել է առաջարկ, մենք այդ առաջարկը քննարկել ենք և տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ պետական շահերին, որովհետև ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ. առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ ՀՀ-ն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի, այլ ՀՀ-ում պետք է թողարկվի մետաղը, և երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը: Մինչև 2025 թ. հունիսը նախատեսում ենք սկսել նոր պղձնաձուլարանի շինարարությունը»,- տեղեկացրեց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ