Միայն Հայաստանի Սահմանադրական դատարանն է իրավասու մեկնաբանելու մեր Սահմանադրությունը. Միրզոյան

12.04.2025 - 16:09 դիտում

Հայաստանի Սահմանադրության ներածական մասում կա հղում Անկախության հռչակագրին, ակայն Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական նշանակություն, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության տեքստում՝ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի մեր գործընկերներին մտահոգող նախադասությունը Հայաստանի Սահմանադրության տեքստում մեջբերված չէ։ Այսպիսով՝ աշխարհում կա միայն մեկ մարմին, որն իրավունք ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը, դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է։

Իսկ անցած տարվա սեպտեմբերին Դատարանը եզրակացություն է տվել, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունենում Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նաև նշանակում է, որ մենք այնտեղ նշված սահմաններից դուրս պահանջներ չունենք, այս սկզբունքը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, և վերջ։ Ուստի եթե հիմա ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, վավերացման ընթացքում այն կուղարկվի Սահմանադրական դատարան։ Եթե այն ևս մեկ անգամ ասի, որ փաստաթուղթը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, կհաստատվի, որ որևէ խոչընդոտ չկա։

Եթե տեսականորեն մեր Սահմանադրական դատարանն այլ բան ասի, կքննարկենք այլ հնարավորություններ: Այս հարցը քաղաքական կամքի, կողմնորոշման խնդիր է՝ արդյոք խաղաղությո՞ւն ենք կառուցում, պատրաստվո՞ւմ ենք օգտվել հնարավորություններից, թե՞ փակելու ենք գործընթացը՝ ունենալով մտահոգություններ։ Եթե կա կամք, ճանապարհ կգտնենք»,- ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ