ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի բանակցությունները

Աստղիկ Խաչատրյան 27.11.2021 - 20:54
27.11.2021 - 20:54 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆահրան Հաքը հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը: Նա բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության շարունակմանն աջակցելու գործում»,- նշված է Հաքի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ուղղակի փոխգործակցության վերականգնմամբ և 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ կատարելու ու տարածաշրջանում կայունության բարձրացմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու նրանց հանձնառությամբ:

«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ տևական խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով, և կողմերին կոչ է անում այդ նպատակով լուծել չլուծված հարցերը բոլոր հասանելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու բոլոր այդպիսի ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, տեղերում վերականգնմանն ու խաղաղությանն աջակցելու միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ