Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Ա․ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց (Հերացու թունելի մեջ) բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արմեն Հայրապետյանի վարած «ԶԻԼ» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Մշեցյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Ն․ Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Վահագն Հարությունյանը տեղում մահացել է։Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը հայտնվել է բետոնե պաշտպանիչ պատի վրա, իսկ «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։