Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Աստղիկ Խաչատրյան 21.04.2025 - 20:35
21.04.2025 - 20:35 դիտում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Ինչպես հայտնում են մարզպետարանից, ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզն ու նշել, որ ՀՀ ամենակոլորիտային մարզում է Վասիլիս Մարագոսը:

492658656_984103923912463_1634139146532865240_n.jpg (479 KB)

«Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, ուրախ եմ հանդիպման համար, գիտեմ՝ հասցրել եք մի քանի անգամ մեր մարզում լինել, բայց քանի որ ֆորմալ հանդիպում չենք ունեցել՝ կուզենամ պատմել իմ հայրենի մարզի մասին։ Մարզական ու մշակութային տպավորիչ ավանդույթներով աչքի ընկնող, հումորով, հյուրասեր Շիրակում եք, որն ունի կոլորիտային ճարտարապետություն, մեծ ներուժ ու հնարավորություններ, որոնց օգտագործումը կարող մեծ հեռանկարներ բացել։ Ուրախ եմ փաստել, որ Եվրոպական միության կողմից մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, դրանց մի մասն էլ, տեղյակ եմ, այժմ ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցել ու անել հնարավորը մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների օր առաջ իրականացման համար»,- ասել է նա։

492225230_984104163912439_1437567603974846669_n.jpg (416 KB)

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է համարում, երբ տեսնում է նման նախաձեռնողականություն ու պատրաստակամություն:

«Պարոն մարզպետ, ուրախ եմ, երբ տեսնում եմ ձեր պատրաստակամությունն ու վստահ եմ, որ այս փուլում մեր համագործակցությունը կարող է առավել արդյունավետ ստացվել, քանզի ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի նախագծման ու իրականացման գործում։ Մեր ծրագրերը շուտով նոր օրակարգով կիրականացվեն՝ Կառավարության հետ համագործակցությամբ և հավատացած եմ, որ Շիրակում ևս կշարունակենք արդեն մեկնակած ծրագրերն ու նորերի մասին առիթ կունենանք խոսելու»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

491356765_984104430579079_7711217887865757247_n.jpg (340 KB)

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Մարզպետը նշել է, որ Շիրակը լայն հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման առումով՝ ընդգծելով ենթակառուցվածքների առկայությունը, Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգված ճանապարհն ու նոր նախագծվող ծրագրերը և կարևորել հանգամանք համարել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

492290992_984104110579111_1866441493741657984_n.jpg (322 KB)

Քննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված՝ մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։ Վասիլիս Մարագոսը Դավիթ Առուշանյանին հրավիրել է մասնակցել տոնական միջոցառումներին։

491704661_984104523912403_6512754910867285937_n.jpg (359 KB)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ